Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ցեղասպանության խնդրին նվիրված ֆորում Մոսկվայում

Ցեղասպանության խնդրին նվիրված ֆորում Մոսկվայում
28.11.2014 | 11:00

Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում այսօր կսկսվի «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» միջազգային ֆորումը, որ համատեղ կազմակերպել են «Արդար աշխարհ» ինստիտուտը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ընկերակցությունը, ՌԴ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտը, Կրոնի և կրոնական հանդուրժողության ուսումնասիրության կենտրոնը (Բելգրադ): Ֆորումում քննարկվող հարցերն են. Ցեղասպանության հետևանքների վերացումը և էթնոմշակութային հանդուրժողության ձևավորումը ժամանակակից աշխարհում, Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից իրավիճակը Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավ-Արևելյան Ասիայում, Ցեղասպանության թեման ԶԼՄ-ներում, Ցեղասպանության փաստի իրավաքաղաքական ճանաչման դիտանկյունները: Ֆորումին մասնակցելու են ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովան, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Նիկոլայ Լևիչևը, ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար, «Արդար աշխարհ» ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միրոնովը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը, գիտական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ֆորումին մասնակցելու համար Մոսկվա են ժամանել միջազգային ճանաչված մասնագետներ, պրոֆեսորներ Յ. Օրոնը (Իսրայել), Կ. Ֆոտիադիսը (Հունաստան), Մ. Եվտիչը (Սերբիա): Հայաստանից հրավիրված գիտնականների թվում են ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Դեմոյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ Վ. Պողոսյանը:
Ֆորումի շրջանակներում տեղի կունենա վավերագրական նյութերի ցուցահանդես` նվիրված հայերի և ուրիշ ազգերի ցեղասպանություններին:
Ֆորումի արդյունքները կամփոփվեն հոդվածների ժողովածուի տեսքով:

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ